շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Երբ բանակը թալանում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում. Ալեն Սիմոնյան

Երբ բանակը թալանում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում. Ալեն Սիմոնյան

Շարունակվում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր խոսքում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ իշխող ուժի հասցեին հնչող կոռուպցիոն բնույթի մեղադրանքներին՝ նկատեց՝ ընդդիմադիրների համարձակությունից է ուզում կոռուպցիայի մասին խոսելիս:

«Ընդհանրապես, որ կոռուպցիայի մասին խոսում եք, և դուք դահլիճում եք, մեծ համարձակություն է: Նոր մարտավարությունը, որ որդեգրել եք, բավականին հետաքրքիր է»,- նկատեց ԱԺ նախագահը: 

Նրա խոսքով՝ մարդիկ այդ ամենը հիշում են:

«Ժողովո՛ւրդ, դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն («Հայաստան» խմբակցության մասին է - խմբ.) եք: Ձեզ այն փողերը, որ կայքերը, շենքերը առնում եք, միտինգները կազմակերպում եք, դրանք որտեղի՞ց: Պարո՛ն Քոչարյան (պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ), կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում Քոչարյան ընտանիքը: Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հյուսիսային պողոտայի տները: Իրականությունն այն է, որ ՀՀ խոպան էիք եկել, և այստեղ էլ մարդկանց վերաբերվում էիք որպես ....»,- հարցրեց Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորին:

Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի՝ տեղից իրեն հակադարձելուն, Ալեն Սիմոնյանը խնդրեց իրեն չընդհատել:

«Եկել էիք, ՀՀ անվտանգությունից էիք խոսում: Երբ բանակը թալանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում: Կարո՞ղ է նորություն եմ ասում»,- ընդդիմադիր գործընկերներին հարց ուղղեց ԱԺ նախագահը՝ հորդորելով իր հետ տեղից բանավեճի մեջ չմտնել:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե հղի կնոջը (Սոնա Մնացականյան - խմբ.) իրենց իշխանության օրոք են գցել ավտոմեքենայի տակ, Սիմոնյանը ամբիոնից ցուցադրեց Պողոս Պողոսյանի լուսանկարը: 

«Պողոս Պողոսյանը մեր հարգարժան Լևոն Քոչարյանի հորն անունով դիմելու համար զուգարանում ծեծվել և սպանվել է: Ի դեպ, դաշնակցական է: Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա դաշնակցականները ինչ-որ «պրետենզիա» ունեցե՞լ են այս մարդու հետ կապված: Մեր գործընկերներից մեկի՝ տիկին Քլոյանի եղբորը Մարտի 1-ին գնդակահարել են Երևանի կենտրոնում: Երևան քաղաքի կենտրոնը սարքել էիք ճակատամարտի դաշտ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանի խոսքերից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հորդորեց հանդարտություն պահպանել:

Սիմոնյանն իր հերթին հորդորեց ընդդիմադիրներին դուրս գալ դահլիճից: 

«Երբ խոսք է գնում կոռուպցիայից և մարդ սպանելուց, բոյկոտեք: Այն 10 տարում, երբ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնպիսի հետք է թողել, մոռացե՛ք: Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կդառնա իշխանություն, քան դուք»,- խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: