չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր լեգիտիմությունն այն է, որ գործում ենք թափանցիկ, բաց և հաշվետու. Լարիսա Մինասյան

Մեր լեգիտիմությունն այն է, որ գործում ենք թափանցիկ, բաց և հաշվետու. Լարիսա Մինասյան

Բաց հասարակության հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է Հիմնադրամի մասին վերջին շրջանում ակտիվորեն տարածվող տեղեկություններին և հերքել դրանք:

«Մեր լեգիտիմությունը Հայաստանում այն չէ, որ մեզ չեն փակել և մենք դեռ գործել ենք նախորդ կոռումպացված, ավտորիտար ռեժիմի ներքո: Մեր լեգիտիմությունն այն է, որ ինչ մենք անում ենք, անում ենք թափանցիկ, բաց և հաշվետու», -հայտարարեց Մինասյանը: Նա նկատեց, որ հայաստանյան նախորդ ռեժիմի նման ռեժիմներ ունեցող երկրները՝ Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանը փակել են իրենց երկրներում Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակը:

«Մեր նախկին իշխանությունը ավելի հմուտ էր մոտեցել այդ հարցին. նա պահում էր քննադատող կազմակերպություններին զուտ ցույց տալու միջազգային հանրությանը՝ տեսեք՝ ոնց են խոսում, ով է ասում՝ թույլ չենք տալիս, մենք հո Ադրբեջան չե՞նք: Սա իմ վարկածն է», -հավելեց Մինասյանը: Հիմնադրամի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նկատեց, որ Հիմնադրամը 1997 թվականից սկսած մինչ այժմ ծրագրերի իրականացման հարցում որևէ նահանջ չի ունեցել:

«Կարող եմ վստահեցնել, որ մեր մոտեցումներն ու սկզբունքները, ժողովրդավարության գործընթացներին աջակցելը շարունակելու է մնալ մեր Հիմնադրամի կարևոր ուղղությունը: Անկախ նրանից՝ դիմացինն ով է, մենք մեր սկզբունքներին չենք դավաճանել ու շարունակելու ենք պայքարել բոլոր այն գաղափարների համար, որոնք մեր Հիմնադրամի առաջնահերթություններն են», -հայտարարեց Ամիրյանը:

  • Կիսվել: