երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ԵՊՀ-ում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն

ԵՊՀ-ում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն՝ համաձայն ս.թ. հունիսի 28-ին ընդունված որոշման:

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքականության և հարակից հիմնախնդիրների ուսումնասիրությունն այսօր խիստ արդիական է հատկապես Հայաստանի Հանրապետության համար:

«Կարծում եմ՝ բոլորիդ հայտնի է, որ այդ հիմնախնդիրը այսօր խիստ արդիական է և կարևոր հատկապես մեր հանրապետության համար: Այսօր մենք ֆակուլտետում ունենք անհրաժեշտ գիտական ներուժը այդ հիմնախնդիրներով զբաղվելու համար: Ամենակարևորն այստեղ այն է, որ ուսումնասիրությունները լինելու են օբյեկտիվ, անաչառ և տալու են յուրաքանչյուր հարցին մեզ հետաքրքրող ճիշտ պատասխանը:

Եթե մենք մեր անցած պատմության սխալները, դժվարությունը վեր չենք հանում, ապա, բնականաբար, հետագայում պատմությունը կրկնվում է, և դա ունենում է ավելի ծանր հետևանքներ: Եվ այսօր մեր խնդիրն է լինելու գիտահետազոտական և փորձագիտական աշխատանքների կազմակերպումը: Այդ առումով մենք ստեղծել ենք տարբեր բաժիններ, որոնք ղեկավարելու են մեր դասախոսությունները, և այդ ուսումնասիրությունները, ես կասեի, մինչև կենտրոնի սկսելը մենք արդեն ունեինք», - ասել է Գեղամ Պետրոսյանը:

  • Կիսվել: