Էներգիայի շաբաթ՝ Երևանում․ 12-ժամյա հաքաթոնին կներկայացվեն էներգետիկ զարգացման լուծումները
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է 18-35 տարեկան նորարարներին, գործարար մտածողություն ունեցող ստեղծագործ մարդկանց, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներին, ինժեներներին, երիտասարդ գիտնականներին մասնակցելու Էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվող «Էներջի Սիթի» հաքաթոնին: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
12-ժամյա հաքաթոնը հնարավորություն է ներկայացնելու Երևանի կայուն էներգետիկ զարգացման լուծումները։
Միջոցառման նպատակն է․
1․ քաղաքում նախապես ընտրված թիրախային համարվող ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով օպտիմալ և նորարար լուծումների առաջարկումը,
2․ համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների մասնակցության ապահովումը,
3․ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը,
4․ քաղաքային միջավայրի բարելավման միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Առանձնացված թիրախային ոլորտներն են՝
քաղաքային կանաչ լուծումներ,
«կանաչ» տրանսպորտ,
էներգախնայողությունը՝ քաղաքային տնտեսությունում,
վերականգնվող էներգիայի օգտագործումը քաղաքային տնտեսությունում,
աղբի կառավարում,
ՏՏ տեխնոլոգիաները՝ որպես կանաչ տնտեսության զարգացման գործիք:
Սահմանված ժամանակահատվածում մասնակիցները պետք է մշակեն կլիմայական մարտահրավերին առնչվող լուծումներ:
Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն և աջակցություն կստանան՝ զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում:
Մրցանակներ նախատեսվում են երկու անվանակարգերում՝ «Լավագույն լուծում», «Լավագույն նորարարական» լուծում:
Հաքաթոնը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչ երեկոյան 22:00-ն:
Մասնակիցները պետք է ներկայանան իրենց համակարգիչներով:
Հաքաթոնին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով` https://bit.ly/3njLYtS։