չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՄ Թվինինգ ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին

ԵՄ Թվինինգ ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը։ Երկու տարի տևողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին, որոնք էլ, համաձայն նախօրոք կազմված ծրագրի, կիրականացնեն այն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:
 
Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակից երկրների խորհրդարաններից։
 
Կողմերը քննարկել են ԵՄ Թվինինգ ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացվի 2021 թ․փետրվարին։
 

  • Կիսվել: