ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. Բորել
Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի: Այս մասին այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր զետեղվել այն մասին, որ Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: Նշվում էր, որ առաքելության նպատակն է իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը։



