ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
«ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը». Ադրբեջանի ԱԳՆ

«ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանին ռազմական աջակցության մասին ԵՄ որոշմանը:

Այդ երկրի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, պատասխանելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության մասին հարցին, ասել է. «Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր է ու ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։ 

Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են:

Ռազմական օգնությունը Հայաստանին և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ Ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել տրամադրվող օգնության մասին։

Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»:

  • Կիսվել: