չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՄ-ն փորձել է Երևանին և Բաքվին ներքաշել իր պատժամիջոցային ջանքերի մեջ. Զախարովա

ԵՄ-ն փորձել է Երևանին և Բաքվին ներքաշել իր պատժամիջոցային ջանքերի մեջ. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի պաշտոնյաներին աճպարարներ է անվանել այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում, որոնք պաշտպանել են այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ակտը»:
 
«Մենք տեսել ենք մի շարք երրորդ երկրների միանալու վերաբերյալ ԵՄ-ի կողմից հայտարարության տեքստի որոշակի լրամշակման փաստ։ Ըստ դրա՝ նրանք աջակցում են ԵՄ-ի, այսպես կոչված, իրավամարդկային պատժամիջոցներին։ Դրա սկզբնական տարբերակում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին, հետո հրաշքով անհետացան։ Իհարկե, այս հարցը պետք է ուղղել բրյուսելյան աճպարարներին։ Դա ինչ-որ մոգություն է, փաստաթղթերի տարբերակների ձեռնածություն»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
 
Նա կարծում է, որ Բրյուսելի բոլոր ջանքերը՝ իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերին համապատասխանության տեսք տալու համար ներքաշել նաև երրորդ երկրներին, սոսկ դատարկ և ոչ կառուցողական միջոցներ են, որոնք ձեռնարկվում են միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ։
Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետանալու պատմությունը Բրյուսելի նեոգաղութատիրական մտածողության վառ օրինակ է։

Նա նաև մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու մեջ: ԵՄ-ի նպատակն ու խնդիրները, ըստ Զախարովայի, կապված չեն հարաբերությունների կարգավորման, ճգնաժամի լուծման հետ, դա միայն հակառուսական ևս մեկ բարձունք գրավելու ցանկություն է, այսպես ասած, հակառուսական դիրքերում ամրապնդվելու համար, նաև խանգարելու այն դրականին, որը մշակվել է ՌԴ միջնորդությամբ։
 
«Փորձելով ստիպել հարևաններին հետևել պատժամիջոցային հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն դիմում է հնարավոր ամեն ինչի, ներառյալ ուղղակի կեղծիքի։ Սա պատահականություն կամ տառասխալ չէ, ուղղակի կեղծիք է։ Սա պետք է դաս լինի բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկվության հարցում»,- հավելել է նա։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: