ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային.Աննա Գրիգորյան
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Գրիգորյանն այս մասին ասաց Երևանում անցկացվող նիստում:
Նա հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչև հիմա հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում։
Պատգամավորը, դիմելով գործընկերներին, ընդգծեց, որ, սակայն խորը լռությունը և Եվրոպայի անտարբերությունը , այս ամենն ավելի դժվար են դարձնում: Ըստ նրա՝ պետք է անկեղծ լինենք՝ անվտանգային հարցերի շուրջ կարմիր գծերի մասին խոսելիս:
«Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից լիովին աջակցվող պատերազմը կարմիր գիծ չէր պատերազմական հանցագործ Ալիևի և նրա ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, եթե մեր զինվորներին գերեվարելն ու տանջելը կարմիր գիծ չէ, ապա ես պետք է հարցնեմ՝ մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսությա՞ն, թե՞ ագրեսիայի, աջակցում ենք քաղաքական երկխոսությա՞նը, թե՞ ագրեսիայի քաղաքականությունը: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը և անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է միանշանակ թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային, երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել մեր տարածաշրջանում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը: