չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը

ԵՄ-ն կհաստատի հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համար առաքելություն ուղարկելու հարցը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խնդիրների լուծման համար քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը: Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների նիստից առաջ, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի միջև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Նախարարները, ինչպես սպասվում է, երկուշաբթի կհաստատեն այդ առաքելությունը», - ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: