շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ-ն հայ-ադրբեջանական սահման կուղարկի մինչև 40 փորձագետներ. որոշումը կայացվել է

ԵՄ-ն հայ-ադրբեջանական սահման կուղարկի մինչև 40 փորձագետներ. որոշումը կայացվել է

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրները լուծելու նպատակով քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խորհուրդն այսօր որոշել է մինչև 40 ԵՄ փորձագետ ուղարկել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մշտադիտարկման, վերլուծության և զեկուցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն ընդգծում է, որ տարածաշրջանում քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպմանը և ««նպատակ ունի օգնելու վերականգնել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանների սահմանազատմանը»:

ԵՄ խորհուրդը բացատրել է, որ առաքելությունն արագ տեղակայելու համար «որոշվել է, որ Վրաստանում ԵՄ առաքելությունից ժամանակավորապես մշտադիտարկման փորձագետներ կտեղակայվեն»։

«Դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր և, սկզբունքորեն, չի տևի երկու ամսից ավելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսվի հոկտեմբերին և կտևի երկու ամիս:

Մինչ այս հանդիպումը, վերջին անգամ Ալիևն ու Փաշինյանը բանակցություններ են վարել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ։ Այս հանդիպումից երկու շաբաթ անց ադրբեջանական կողմը լայնածավալ ագրեսիա է սանձազերծել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական ոկղմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:

 

  • Կիսվել: