ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «Թավշյա հեղափոխությամբ». գերմանացի պատգամավոր
ԳԴՀ Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը դատապարտել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները:
Խմբակցության՝ Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը խմբակցության անունից հայտարարություն է տարածել, ոըը ներկայացնում ենք ստորև.
՛՛Հայաստանում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ զեկույցներն անհանգստացնող են: Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դա բացարձակապես անընդունելի է, և պետք է Դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից անհապաղ և հստակորեն դատապարտվի:
Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չի նշանակում: Գերմանիան և ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվեն տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործընթացում։
Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա զանգվածային ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «Թավշյա հեղափոխությամբ»՛՛: