հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Նոյեմբերի 27-ից 29-ը կայացել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: Այցի նպատակը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների խորացման և ամրապնդման հնարավորությունների դիտարկումն էր:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները բարձրաստիճան հանդիպումներ են ունեցել ՀՀ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումները կայացել են ոլորտային չորս ուղղություններով՝ անվտանգության և պաշտպանության, արդարադատության և ներքին գործերի, տնտեսական, առևտրային, ֆինանսական և սոցիալական հարցերի, փոխկապակցվածությա, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտային, թվայնացման, հետազոտությունների և նորարարության հարցեր:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման հարցում առաջընթաց ապահովելու, վերոնշյալ ուղղություններով համագործակցությունն ամրապնդելու, բարեփոխումների իրականացման ընթացքը խթանելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ կարիքները հասցեագրելու և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել միգրացիայի և շարժունակության ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Ընդգծվել է տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Նոյեմբերի 29-ին տրվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական և ներդրումային հարթակի մեկնարկը: Համագործակցության նոր ձևաչափի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացման ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների աջակցության ծրագրերի վերաբերյալ համաձայնագրեր:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի համատեղ պատվիրակության անդամների միջև կայացած ամփոփիչ հանդիպման ժամանակ վերատաստատվել է, որ Հայաստանը և ԵՄ-ն հավատարիմ են համագործակցության հետագա ամրապնդմանը և գործընկերության օրակարգի ընդլայնմանը՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման:

  • Կիսվել: