շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրության վերաբերյալ Միրզոյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում

ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրության վերաբերյալ Միրզոյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում

Միջազգային մամուլում լայն արձագանք է գտել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական TRT World հեռուստաընկերությանը, որում նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստանի՝  Եվրամիությանն անդամակցելու գաղափարի քննարկումներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Reuters-ը, մեջբերելով Արարատ Միրզոյանի խոսքը, նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, քանի որ  ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ։

«Այսօր Հայաստանում մեծ մասամբ քննարկվում են բազմաթիվ նոր հնարավորություններ, և գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ դա ներառում է անդամակցությունը Եվրամիությանը»,- մեջբերել է  լրատվամիջոցը։

Հարցազրույցի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի խոսքի հատվածին անդրադարձել են նաև  Politiko-ն և հնդկական The Times of India-ն, «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը, իրանական Press TV-ն:

Միջազգային լրատվամիջոցները նշել են ՀՀ արտգործնախարարի արտահայտած համոզմունքը, որ առևտուրն այն ոլորտներից մեկն է, որի ուղղությամբ Երևանը հնարավոր է համարում հարաբերությունների հետագա խորացումը ԵՄ-ի հետ:

«ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը։ Մենք վճռական ենք ուսումնասիրել առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունները ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում»,- ՀՀ արտգործնախարարի խոսքն է մեջբերել  «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը՝ ավելացնելով, որ ավելի վաղ Միրզոյանը հայտարարել էր, որ եկել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցերի շուրջ երկխոսություն սկսելու ժամանակը, և նշել, որ Երևանը մտադիր է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել նաև այլ ուղղություններով։

  • Կիսվել: