շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵՄ դիտորդներին Ադրբեջանն է պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին. կարող են ստորագրել պայմանագիրը և պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի. ԱԺ նախագահ

ԵՄ դիտորդներին Ադրբեջանն է պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին. կարող են ստորագրել պայմանագիրը և պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի. ԱԺ նախագահ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ 

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է երկու երկրների սահմանին երկու կողմերից որևէ երրորդ ուժի տեղակայման բացառմանը։  

Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առ այն, որ պայմանագրի ստորագրումից և սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ՝ Ալեն Սիմոնյանն ասաց. 

«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»: 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։  

 

  • Կիսվել: