շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ելեք և ձեր վերաբերմունքը արտահայտեք ձեր առողջապահության նախարարի նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյանը՝ Իմ քայլին

Ելեք և ձեր վերաբերմունքը արտահայտեք ձեր առողջապահության նախարարի նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյանը՝ Իմ քայլին

Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորներն անդրադարձան Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման վերաբերյալ ահազանգին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․

«Մենք այս դահլիճում վիրտուալ կյանքից պետք է վերադառնանք իրականություն և քննարկենք, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան։ Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպե՞ս եղավ, որ պատասխանատվության են ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որոնք ըստ էության, մեղավոր չեն, ոովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամնեը 10 դիակի տեղ կա»։

Այս հարցին անդրադարձավ նաև անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Իշխող խմբակցության որևէ պատգամավորի կողմից չտեսանք որևէ դատապարտում տեղի ունեցածի նկատմամբ։ Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, և որևէ մեկդ որևէ վերաբերմունք չեք ցուցաբերում։ Լավ, ուզում եմ հասկանամ՝ ձեզ համար նորմա՞լ էր մեր առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ օրեր շարունակ խոսքերը, հերքումները, բացատրությունները։ Ձեր համար նորմա՞լ է էն, ինչ տեղի է ունենում։ Բերեք հասկանանք՝ էս երկրում մենք տե՞ր ենք, թե՞ ուղղակի եկել ենք, պաշտոններ ենք զբաղեցնում։ Ես կխնդրեմ՝ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ելեք և ձեր վերաբերմունքը արտահայտեք ձեր առողջապահության նախարարի նկատմամբ»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

  • Կիսվել: