Էկոնոմիկայի նախարարության պատասխանը՝ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի գրառմանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արձագանքը.
Նախարարության ներկայացուցիչը անդրադարձ է կատարել ներդրումների կարգավորման իրավական դաշտին։ Ի պատախասն պնդմանը, թե օտարերկրյա ներդրողների մասով կարգավորումները բացակայում են՝ նա պարզաբանել է, որ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, այն սահմանում է հիմնական կարգավորումները, ներդրումների պաշտպանության մեխանիզմներն ու երաշխիքները։ Ի լրումն՝ գործում են ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 43 երկրների հետ, որոնք առավել բարենպաստ ռեժիմներ են սահմանում ստորագրող կողմերի ներդրողների համար։ Նախարարի խորհրդականն արձագանքել է նաև այն պնդումներին, որ օրենքը բարենպաստ չէ, քանի որ անփոփոխ գործում է տասնյակ տարիներ․ գործող օրենսդրության արդյունավետությունը վերահաստատվել է նաև վերջերս ներկայացված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցում, ինչպես նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում, որտեղ Հայաստանը գտնվում է ազատական ռեժիմներով երկրների տասնյակում։
Հանդիպման ավարտին ներդրողի ներկայացուցիչը նշել է, որ ներկայացված հնարավորությունները կառաջարկվեն ներդրողին։
Թեև ներդրումներ իրականացնելու նպատակահարմարության հարցը բացառապես ներդրողի որոշումն է, առնվազն տարակուսելի է, որ երեք ժամ տևող փաստարկված և բովանդակալից պարզաբանումների արդյունքում հեղինակը նման եզրահանգումներ է արել։
Միևնույն ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը, որը «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություններ է մատուցում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողներին, շարունակում է քննարկումները Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեցող անձանց և կազմակերպությունների հետ։ Պատրաստ ենք շարունակել աշխատանքները թե՛ տվյալ ներդրողի, և թե՛ նրա ներկայացուցչի հետ՝ տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն հետագա ծրագրերի հստակեցման համար և աջակցելու ներդրումների իրականացման գործընթացում։