շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԽԽՎ շատ գործընկերներ հրավերներ էին ստանում մեկնել Ադրբեջան հանգստի, ինչը վճարվում էր ադրբեջանական կողմից, և այդ հրավերներն ընդունվում էին․ Քրիստոֆ Շտրասսեր

ԵԽԽՎ շատ գործընկերներ հրավերներ էին ստանում մեկնել Ադրբեջան հանգստի, ինչը վճարվում էր ադրբեջանական կողմից, և այդ հրավերներն ընդունվում էին․ Քրիստոֆ Շտրասսեր

«Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ մինչև այժմ պատասխանատվություն չեն կրել բոլոր այն կաշառված պատգամավորները, որոնք Ադրբեջանից կաշառք են վերցրել և դեմ քվեարկել իր հեղինակած զեկույցին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, այսպես պատասխանեց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող, ԵԽԽՎ նախկին պատգամավոր Քրիստոֆ Շտրասսերը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող, ԵԽԽՎ նախկին պատգամավոր Քրիստոֆ Շտրասսերի պատրաստած զեկուցին 2013-ին դեմ քվեարկեցին Վեհաժողովի միանգամից 125 պատգամավորներ: Նրանցից միայն վեցն էին ներկայացնում Ադրբեջանը` մնացածը Եվրամիության եւ հետխորհրդային տարածքի պետությունների ներկայացուցիչներ էին: Այս առիթով մեծ կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց, թե ինչպես էր Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատվիրակներին։

Հիշեցնենք՝ ԵԽ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Լուկա Վոլոնտեն 2021-ին Միլանում չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել` կոռուպցիայի մեղադրանքով: Քրիստոֆ Շտրասսերը նշեց, որ իր աշխատանքի ժամանակ տարիներ առաջ տեսել է, թե ինչպես են մարդիկ իրենց կարծիքը փոխում ու պատմեց․ «Մենք հետաքննություն ենք վարել, երբ այդ ամենը ավարտվել էր։ Ես՝ որպես տուժող էի կոռուպցիայի գործընթացում՝ ընդդեմ ԵԽ անդամներից մեկի գործով։ Երբ ինձ հարցնում էին, ես պատասխանում էի, որ ես չեմ տեսել փող ծրարում, միայն կարող եմ ասել, որ շատ կասկածներ կային։ Տեսնում էի, որ շատ պատգամավորների հրավերներ էին ուղարկում մեկնել Ադրբեջան, հանրային առաջարկներ էին լինում մի քանի օրով մեկնել Ադրբեջան հանգստի, որոնք վճարվում էին ադրբեջանական կողմից։ Կային գործընկերներ, որոնք կոլեգաներ, որոնք ընդունում էին այդ հրավերները։ Սա ինձ համար կոռուպցիայի սկիզբն էր»։

Քրիստոֆ Շտրասսերը նշեց, որ պետք են կոնկրետ փաստեր և ամեն երկրում տարբեր են ընթացակարգերը․ «Ես միայն կարող եմ ասել այն փաստերի մասին, որոնք ես ինքս գիտեմ։ Ես ունեի կասկածներ, որոնք ինչ-որ բան այն չէ, բայց այն ժամանակ կոնկրետ փաստեր չունեի։ Մենք մեր մատը մի երկրի վրա չպետք է դնենք։ Պետք է նաև մեր երկրներին նայենք, մենք ունենք օրենքներ և պետք է դրանք հարգենք։ Եվ ամենակարևոր օրենքներից մեկն է՝ որպես քաղաքական գործիչ չլինել կոռումպացված»։


  • Կիսվել: