երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԽ-ի գործողությունների ծրագիրը ՀՀ-ի համար ռազմավարական գործիք է․ ՀՀ փոխարտգործնախարար

ԵԽ-ի գործողությունների ծրագիրը ՀՀ-ի համար ռազմավարական գործիք է․ ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ներկայացվեց Եվրախորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-26 թվականների ծրագիրը։

 ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումը տեղի է ունենում գործողությունների ծրագրի (ԳԾ) մեկնարկից մեկ տարի անց, որին միացել են ավելի քան 2000 գործընկերներ։ Ըստ նրա՝ վերջին օրերին Եվրոպայից բարձրաստիճան հյուրերի այցերը ցույց են տալիս, որ Հայաստանի հետ ավանդաբար ուժեղ համագործակցությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով։ 

«Մեր համագործակցության դրական դինամիկան երևում է նաև այս տարի նշվող ԵԽ-ի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում։ Եվրախորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ռազմավարական գործիք է, ներառում է մի շարք հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը։ Մենք գնահատում ենք Հայաստանին Եվրախորհրդի աջակցությունը իր ժողովրդավարության ճանապարհին։ Ոգևորիչ է այն հանգամանքը, որ գործողությունների ծրագրի արդյունավետությունը և ֆինանսավորումը գնալով աճում են, և բյուջեն ամենամեծն է՝ նախորդ ծրագրերի համեմատ։ Արդեն իսկ ամբողջական ֆինանսավորումն ապահովված է։ Պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոնոր կազմակերպություններին, ԵՄ անդամ երկրներին իրենց ներդրման համար։ Առիթից օգտվելով՝ ցանկանում ենք խրախուսել նաև այլ գործընկերներին՝ նպաստելու այս կարևոր գործիքի ֆինանսավորմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

ԱԳ փոխարտգործնախարարի տեղեկացմամբ՝ գործողությունների ծրագրի շրջանակում ՀՀ իշխանությունները ԵԽ-ի աջակցությամբ իրականացնում են մի շարք բարեփոխումներ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ Եվրոպական կոնվենցիայի համակարգի ամրապնդման, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի, երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության զարգացման գործում։

«Այս ամենն արվում է եվրոպական չափանիշներին համապատասխան և Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ, ինչպես նաև մոնիթորինգային խմբերի առաջարկությունների համաձայն։ Շատ կարևոր է նաև փախստականների կարիքները հոգալուն ուղղված աջակցության փաթեթի գործարկումը, որն ընդգրկվել է ԳԾ-ի մեջ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո, և որի նպատակն է օգնություն ցուցաբերել 100 հազար տեղահանվածներին, այդ թվում 30 հազար երեխաներին։ Այս փաթեթն, ըստ էության, մեծ աջակցություն է միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, ինչը կամրապնդի ՏԻՄ-երի կարողությունները։ Ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա հունվարից։ Եվրախորհրդի  գլխավոր քարտուղարի միգրացիայի հարցերով ներկայացուցչի այցի շրջանակում գնահատում ենք սերտ համագործակցությունը գործողությունների ծրագրի տնօրինության հետ։ Վերահաստատում ենք Հայաստանի նվիրվածությունը շարունակական բարեփոխումներին՝ Եվրախորհրդի փորձագետների աջակցությամբ»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխն իր խոսքում ասաց, որ միջոցառումը շատ լավ առիթ է արձանագրել առկա առաջընթացը, խոսել մարտահրավերների ու դրանց դիմակայելու ձևերի, ինչպես նաև համագործակցության հետագա քայլերի մասին։

«Այս գործողությունների ծրագիրը հետևում է մեր նախորդ աշխատանքին, որն իրականացրել ենք Հայաստանում։ Ունենք հիանալի համագործակցություն տարբեր պետական մարմինների ու գերատեսչությունների հետ, ինչը հնարավոր է դարձրել մեր աջակցության ընդլայնումը՝ ընդգրկելով մի քանի նոր ոլորտներ։ Այժմ զբաղվում ենք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նաև զինված ուժերում, զբաղվում ենք ընտրական և արդարադատության ոլորտների բարեփոխումներով, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարով, կենսաբժշկության, պրոբացիայի, փախստականների հետ կապված խնդիրներով, տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերով։ Մեկ տարվա ընթացքում բոլոր ուղղություններով առկա է տեսանելի առաջընթաց։ Շնորհավորում ենք Հայաստանի իշխանություններին՝ 13-րդ արձանագրությունը վավերացնելու համար։ Խոսքը մահապատժի վերացման մասին է։ Համագործակցում ենք նաև տարածաշրջանային ծրագրի շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ։ Գործողությունների ծրագրի հիմքում մարդու իրավունքների գերակայության մոտեցումն է։ Աշխատում ենք նաև քաղհասարակության հետ՝ շեշտը դնելով թափանցիկության և խտրականությունը բացառելու սկզբունքների վրա»,- ասաց Նոյկիրխը։  

Նրա խոսքով՝ ԳԾ-ի բյուջեի ավելացումը վկայում է հայկական կողմի հետ համագործակցության նկատմամբ ցուցաբերվող կարևորության մասին։ Այժմ ընթացքի մեջ են թվով 15 ծրագրեր, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Նոյկիրխը նշեց, որ իրենց գործողությունները փոփոխել են փախստականների ճգնաժամի լույսի ներքո՝ ընդունելով 2,8 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշեց, որ ԳԾ-ն արտացոլում է Հայաստանի առաջնահերթությունները տարբեր ոլորտներում։

«Ծրագրի մեկնարկից հետո մենք սերտորեն համագործակցել ենք պետական մարմինների հետ՝ թիրախային նպատակներին հասնելու համար։ Գործողությունների ծրագիրը հիմնականում իրականացվում է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի միջոցով։ Այս պահին ունենք 32 շատ նվիրված աշխատակիցներ, ովքեր աշխատում են արդեն հիշատակված 15 ծրագրերի վրա՝ քայլերը կոորդինացնելով Ստրասբուրգի ղեկավարների հետ։ Բնականաբար, սրանք միայն նախնական արդյունքներն են, անցել է ընդամենը մեկ տարի, բայց արդյունքներն առավել քան խոստումնալից են»,- փաստեց Լոնգանգեն։

Նա տեղեկացրեց, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության մասով աշխատել են Եվրոպական դատարանի որոշումների կատարման վրա։ ԵԽ-ն այդ կապակցությամբ ներկայացրել է երկու կարծիքներ, որոնք մեծ ազդեցություն կունենան 6-րդ հոդվածով որոշումների կատարման վրա։ Ոստիկանության գվարդիայի ստեղծման առթիվ նույնպես ներկայացվել է զեկույց, ՊՆ-ի հետ աշխատել են կանանց իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ, սերտորեն համագործակցել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Ինչ վերաբերում է գենդերային հավասարությանը, ապա Եխ երևանյան գրասենյակն ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը՝ ներկայացնելով եվրոպական ստանդարտները, և իրականացրել է իրազեկման բարձրացման արշավներ՝ աշխատելով իրավաբանների, դատավորների, դատախազների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այդ առթիվ կազմակերպվել են նաև վերապատրաստումներ։

«Խտրականությունների վերաբերյալ կատարել ենք ուսումնասիրություն՝ իրավիճակը գնահատելու նպատակով, ինչը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար։ Պատրաստման փուլում է նաև ազգային փոքրամասնություններին առնչվող զեկույցը։ Իրավունքի գերիշխանության առթիվ աշխատել ենք դատաիրավական ոլորտի բարեփոխումների վրա։ Դատական օրենսգրքի փոփոխությունները նոր համակարգ են ստեղծել՝ գերագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու համար։ Այդ կապակցությամբ նույնպես պատրաստել ենք համապատասխան կարծիք և դիրքորոշումներ հայտնել ևս վեց տարբեր նախագծերի վերաբերյալ։ Աշխատել ենք վեճերի այլընտրանքային լուծման համակարգի վրա՝ շարունակելով համագործակցությունը նաև պրոբացիայի ծառայության հետ։ Բավականին մեծ առաջընթաց է գրանցվել պատժողականից վերականգնողական մոտեցումներին անցնելու ճանապարհին։ Մշակվել են կարիքների ու ռիսկերի գնահատման գործիքներ, որոնք պիլոտավորվել են չորս քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց Լոնգանգեն։  

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք նպաստել են գործընկերների ինստիտուցիոնալ զարգացմանը։ Մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ մշակվել է պետական ծառայողների վարքագծի կանոնների մոդելային տարբերակ Գրեկոյի առաջարկությունների հիման վրա։ Գրասենյակը նպաստել է նաև հաշվետվողական ու թափանցիկ ՏԻՄ-երի ամրապնդմանը, տեղական ժողովրդավարության զարգացմանը։ Լոնգանգեի հավաստմամբ՝ իրենց հիմնական նպատակը բոլոր շահագրգիռ գործընկերների հետ աշխատանքների կոորդինացումն է, և իրենք պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, որպեսզի ազգային օրենսդրությունն ավելի համապատասխանեցվի եվրոպական ստանդարտներին։

  • Կիսվել: