Եղոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Արցախում
Այսօր Ազգային ժողովում հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աժ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
՛՛Ներկայացրեցի 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման և այլ առանցքային խնդիրներին։
Կարևորեցի եվրոպական կառույցների և գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք։
Տոյվո Կլաարը և Անդրեա Վիկտորինը կարևորեցին հիմնախնդրի խաղաղ կարգավորման գոծընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը՛՛,-նշել է նա։