ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էդմոն Մարուքյանը հրապարակել է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը

Էդմոն Մարուքյանը հրապարակել է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ներկայացված վեց կետերը

Ադրբեջանը այսպես կոչված հինգ կետերը հրապարակել էր, և ՀՀ֊ն հայտարարեց, որ ի պատասխան դրա՝ վեց կետանոց արձագանք է ներկայացրել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ադրբեջանի՝ Հայաստանին ներկայացրած հինգ կետանոց առաջարկների վերաբերյալ:

՛՛Քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է և կոռեկտ չէ հրապարակել, հայկական կողմը դիվանագիտական էթիկան պահպանում է՛՛,-պարզաբանեց Մարուքյանը։

Նա ասաց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ դիվանագիտական տեքստ էր արտաբերել, թե հայկական կողմի կետերը առաջարկ չի էլ կարելի համարել: ՛՛Ուրեմն, ես ասեմ` ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն կերպ մեր պատասխանն է ուղարկվել՛՛,-նշեց Մարուքյանը։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտնեց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և ասաց. ՛՛Առաջին կետում նշված է՝ մարտի 11֊ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք.

2֊րդ կետ. ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։

Երրորդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

Չորրորդ կետը՝ հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է՝ ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը...

Հինգերորդ կետը՝ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ֊ի միջև՝ միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ են ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։

Վեցերորդ կետ՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՛՛։

Սա, ըստ Մարուքյանի այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է՝ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։

  • Կիսվել: