ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Էդմոն Մարուքյանն առաջարկում է Միքայել Սրբազանին առաջադրել վարչապետի թեկնածու

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Միքայել Սրբազանին առաջադրել վարչապետի թեկնածու

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր Facebook-ի իր էջում մի քանի գրառում է արել՝ առաջարկելով վարչապետի թեկնածու առաջադրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

նա, մասնավորապես, նշել է. «Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․

Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։

Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։

Այդ դեպքում խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքների պատգամավորները պատճառ չեն ունենալու չմիանալու Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի նախաձեռնությանը, և այդ գործընթացին միանշանակ ու վճռականորեն աջակցելու է նաև ժողովուրդը։

ԱԺ երկու խմբակցությունները հիմա պետք է հայտարարեն, որ Միքայել Սրբազանի համաձայնության պարագայում իրենք պատրաստ են ստորագրությունները տալ՝ միանալով վարչապետին անվստահության հայտնելու գորընթացին: Չեմ հասկանում ինչու՞ եք ձգձգում, սպասում եք կալանավորեն՝ նոր հայտարարեք»։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Անգամ եթե այժմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալեն և դատարանի որոշմամբ կալանավորեն, նա միևնույն է կարող է լինել միասնական ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու։

Ըստ ընթացակարգի՝ նա կստանա Ազգային ժողովում մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես գալու իրավունք։

Բնականաբար, ցանկացած մարդ, ով այդ գործընթացի արդյունքում կընտրվի վարչապետ, ժամանակավոր է ստանձնելու այդ պաշտոնը։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու երկիրը հանդարտեցնելը, համերաշխություն հաստատելը և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։

Ժամանակավոր վարչապետը, վստահաբար, նաև կազատի բոլոր քաղբանտարկյալներին և կդադարեցնի այս օրերին սկսված ապօրինի քրեական հետապնդումները։

Հետևաբար, Միքայել Սրբազանի կալանավորման պարագայում ընդդիմադիր պատգամավորները չպետք է հապաղեն. նրանք պարտավոր են գնալ Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ։

  • Կիսվել: