երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Էդ ովքե՞ր են, որ վախենում եմ հանդիպել իրենց, քաղաքական շոուների մասով իրենք ազատ են. Ավանեսյան

Էդ ովքե՞ր են, որ վախենում եմ հանդիպել իրենց, քաղաքական շոուների մասով իրենք ազատ են. Ավանեսյան

Միայն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում, պոլիկլինիկական օղակում ունենք հետևյալ պատկերը. 20-40% թերապևտ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկների և ընդհանուր թիմի աշխատավարձի աճ, ունենք նեղ մասնագետների 50%-ից մինչև եռապատիկ աճ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահական համակարգում աշխատավարձերի խնդրին։ Նա վստահեցրեց, որ այդ խնդիրը եղել է փետրվարին, որը մարդին արդեն լուծվել է։

«Ունենք ֆտիզիատորների հետ կապված որոշակի վերանայումների կարիք, որովհետև մենք փաստում ենք, որ պացիենտների հոսք չունենք, եթե չկան պացիենտներ, ուրեմն պիտի հասկանանք՝ ինչպես ենք վերանայում նաև զբաղվածությունը։ Բայց այստեղ էլ ասեմ, որ մեծ մասում բժշկական կազմակերպությունները իրենց վրա են վերցրել այս տարբերությունները և ըստ էության այս հարցը արդեն սպառված է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ մասնավորապես, «Բժշկի ձայն» հասարակական նախաձեռնությունը մշտապես խնդիրներ է բարձրաձայնում և հայտարարում են, որ դուք իրենց հետ վախենում եք հանդիպել, խնդիրներից խոսել, Ավանեսյանն ասաց. «Այդ ովքե՞ր են, որ ես վախենում եմ հանդիպել։ Մենք ունենք շատ տարբեր խողովակներ աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ, ունենք հասարակական խորհուրդ, որի նիստը վերջերս է կայացել՝ 2-3 շաբաթ առաջ։ Հասարակական խորհրդի նիստին ես զեկուցում էի առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ձեր կողմից նշված նաև տիկին Պողոսյանը ներկա էր, բայց հարց չբարձրացրեց այս մասով։ Այսօր այստեղ էի, տիկին Կյուրեղյանն էր ներկա այստեղ և էլի հարց չբարձրացրեց այդ մասով։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ որտեղ ես գալիս եմ պատասխանելու հարցերի, հարց չեն բարձրացնում, որովհետև վստահ եմ՝ հարց չկա։ Իսկ քաղաքական շոուների մասը, ձեր կողմից նշված անձանց կողմից դե ազատ են»։

Ինչ վերավերում է տեսակետին, որ առողջապահության ապահովագրության բյուջեն հնարավոր է՝ ընտրություններից հետո չբավարարվի, նախարարն ասաց. «Ես ցավում եմ, որ բժիշկը կարող է նաև մանիպուլացնել ժողովրդին և ժողովրդի մեջ պանիկա տարածել, որ ժողովուրդը մտահոգվի, թե արդյոք հունիսից հետո համակարգը գործելու է։ Հարգելի քաղաքացիներ, առողջության ապահովագրության համակարգը այլևս իրողություն է և գործելու է, և երրորդ տարում ներառելու է բոլորին։ Խնդրում եմ, մի տրվեք այս ապատեղեկատվությանը, մանիպուլյացիաներին, քաղաքական շահարկումներին։ Այս համակարգը գործելու է, շարունակելու է գործել, վստահ եղեք և կարիքը չկա շտապելու անհարկի ծառայություններ ստանալուն։

Մենք տեսնում ենք նաև, այո, ցավոք սրտի, այս շահարկումների արդյունքում մարդկանց մոտ մտահոգություններ են առաջանում և անհարկի ճնշում է առաջանում առողջապահական համակարգի վրա։ Ես խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման գործելաոճից և իզուր տեղը մարդկանց նյարդերի վրա չխաղալ»։

Հարցին՝ արդյոք առողջապահության ապահովագրության համակարգում առկա հետազոտությունների ցանկը վերանայվելու է, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք այս պահին դեռ նման խնդիր չենք դնում մեր առջև, որովհետև պետք է գոնե մեկ տարի ապահովագրական համակարգը գործի, որ մենք շատ ավելի հստակ պատկերացումներ ունենանք հաջորդիվ ֆինանսական շրջանակների առումով։ Այն, որ մենք հիմա դիմելիության կառավարման մասով, մեր բյուջետային շրջանակի մեջ մնալու մասով դրական իրավիճակ ունենք, չի նշանակում, որ կարող ենք շատ հեշտությամբ ընդլայնել ծառայությունների ցանկը, այստեղ պետք է շատ զգոն լինել»։

  • Կիսվել: