ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էդ մեզ են տեղամասերում ծեծել, վիրավորել. դուք ձեզ համար ձեր գործին եք եղել. ՔՊ-ական պատգամավորն՝ ընդդիմադիրներին

Էդ մեզ են տեղամասերում ծեծել, վիրավորել. դուք ձեզ համար ձեր գործին եք եղել. ՔՊ-ական պատգամավորն՝ ընդդիմադիրներին

Դուք այնքան վստահ եք այստեղ խոսում, ինձ մոտ տպավորություն է, որ դուք եք ձեր ամբողջ գիտակից կյանքում պայքարել ՀՀ-ում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար, այլ ոչ թե ես: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին եւ «Պատիօվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Նշենք, որ քննարկվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդումը:

«Հայաստանում 1996 թվականից սկսած մինչեւ 2018 թվականը, բացի 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից, բոլոր ընտրությունները դրվել են կասկածի տակ: Բայց ներկայիս ընտրական համակարգը, որը կար, դա ոչ 2017-ի իշխանության բարի կամքն է, ոչ էլ որեւէ մեկի: Դա երկար տարիներ ՀՀ քաղաքացիների պայքարի արդյունք է նաեւ: Այստեղ կարեւոր գործոն է նաեւ գործող իշխանության քաղաքական կամքը, թե ինչ արժեքների է դավանում տվյալ  իշխանությունը: Երբ ես իմ ամբողջ կյանքը պայքարել եմ մի բանի համար, ես չեմ կարող իմ սկզբունքին հակառակ բան անել: Դրա համար, երբ դուք այստեղ խոսում եք՝ բոլոր ընտրական պրոցեսները, որոնց ես մասնակցել եմ 2008-ից սկսած, աչքիս առաջով անցնում են»,-ասաց Գաբրիելյանը:

Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նշեց. «Տարիներ շարունակ մենք ենք բարձրաձայնել ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին, դուք չեք բարձրաձայնել: Մեզ են տեղամասերում ծեծել, վիրավորել: Դուք ձեզ համար ձեր գործին եք եղել, ուշադրություն էլ չեք դարձրել: Այո, 2017-ի ընտրություններում եղել են խեղծիքներ, եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ «զիբիլիկսի» գործը չէր բացահայտվելու: Կոծկվելու էր գնալու էր»:

Տեղից Արամ Վարդեւանյանն ասաց. «Բա վաղը ինչեր են բացահայտվելու»:

Դավոյանն արձագանքեց. «Ով ինչ ուզում է, թող բացահայտի: Եվ վերջին փոքր հավելումն անեմ. Պարոն Վարդեւանյան, երբ ասում եք՝ պաշտպանության նախարարը գնացել, մասնակցել է քարոզարշավի. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, պաշտպանության նախարարը այս պահին ՔՊ-ի վարչության նախագահն է, ով երեկոյան 8-ից հետո Վեդիում հանդիպել է կուսակցականների հետ: Էդ տեղ ի՞նչ խնդիր չկա, որեւէ խնդիր չկա»:

Նա ընդգծեց, որ եթե այսօրվա ընդդիմադիր պատգամավորները 2016-ին լինեին ասենք Հրազդանի ընտրությունների ժամանակ դիտորդ կամ վստահված անձ, այդ ժամանակ կհասկանային, թե ինչ էր տեղի ունենում ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ընտրությունների ընթացքում:

Տեղցից «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանն ինչ-որ բան ասաց, որին Արփի Դավոյանն արձագանքեց. «Ես ձեզ հետ չէի խոսում, պարոն Ղազինյան»:

  • Կիսվել: