հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱՏՄ երկրների վարչապետները վաղը կժամանեն Երևան

ԵԱՏՄ երկրների վարչապետները վաղը կժամանեն Երևան

Նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ առկա ձևաչափով նիստը:

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն փոխադարձ առևտրի վիճակը 2020 թվականին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, կաշվի հումքի, բրդի, կտավատի և բամբակի գծով միութենական երկրների պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռները 2021-2022 թվականների համար, ԵԱՏՄ պետությունների մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման միջոցառումների պլանը 2021-2024 թվականների համար, կլիմայական օրակարգի շրջանակներում Միության պետությունների դիրքորոշումների մերձեցման աշխատանքների ընթացքը:

Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի հարցերը, ներառյալ ԵԱՏՄ շրջանակներում դրա զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի հաստատումը, ռազմավարական կարևոր դեղերով և բժշկական կիրառման համար դեղագործական սուբստանցիաներով միության երկրների ապահովվածության մակարդակի բարձրացման միջոցառումների ծրագիրը, որոնց արտադրությունը պետք է ապահովվի ԵԱՏՄ-ում մինչև 2024 թվականը:

ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարներին տեղեկատվություն կներկայացվի 2021 թվականի օգոստոսի 20-ի ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների ցանկի մասին, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության կատարման ընթացքի մասին:

Օրակարգում է Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու հարցը, որոնց նկատմամբ թույլատրվում է օգտագործել սերիական արտադրանքի ծագման հավաստագիրը, ԵԱՏՄ և երրորդ երկրների արտադրողների համար Ղազախստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գնման ծրագրին մասնակցության հավասար պայմանների ապահովման հարցերը, «Սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները և մի շարք այլ հարցեր:

Բացի այդ, ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները նախատեսում են համաձայնագիր ստորագրել ԵՏՄ շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին:

  • Կիսվել: