երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է ընդունեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը․ ԱՀ պետնախարար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է ընդունեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը․ ԱՀ պետնախարար

Արցախը որոշակի ուղիղ կապեր ունի միջազգային կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հաճախ դրանք պաշտոնական շփումներ չեն։ Մենք մեր կարծիքը կարող ենք այդ կերպ հասցնել, բայց հիմնական շփումները տեղի են ունենում ՀՀ-ի միջոցով։ Մասնավորապես, դիվանագիտական կորպուսի»,- նշեց պետնախարարը։

Նա հաստատեց, որ պատերազմից հետո Արցախի միջազգային մեկուսացումը խորացել է։ «Ադրբեջանը դրա համար բոլոր ջանքերը գործադրում է։ Մինչեւ հիմա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, «շնորհիվ» Ադրբեջանի։ Նույնը ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պարագայում։ Այսինքն՝ դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հայտարարում էին Արցախ այցելելու պատրաստակամության մասին։ Անգամ ժամկետ էր նշում, բայց այդպես էլ չեկավ։ Պատճառը Ադրբեջանի արգելափակումն է։ Ափսոսանքի է արժանի, որ միջազգային կազմակերպությունները ենթարկվում են Ադրբեջանի անօրինական անմարդկային քայլերին, մանավանդ որ նրանց գործառույթների մեջ են մտնում մարդու իրավունքների պաշտպանությունն ու հումանիտար հարցերի լուծումը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն։ Միջազգային կազմակերպությունները պետք է ավելի համարձակ լինեն։ Օմբուդսմենի իմ փորձը վկայում է նրանց համարձակության պակասի մասին։

Միեւնույն ժամանակ, համանախագահների հասցեին Ալիեւի ծաղրից հետո այդ երկրները պետք է առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու ոչ միայն Արցախ այցելեին, այլեւ ճանաչեին եթե ոչ անկախությունը, ապա գոնե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը, հատկապես պատերազմից հետո, որովհետեւ պատերազմի հետեւանքով բոլոր հիմնական քննարկվող հարցերը կամ լուծված են, կամ ոտնահարված, բացի ինքնորոշման իրավունքից։ Իսկ որքան ավելի շատ նրանք հետեւեն վախկոտ քաղաքականությանը, այնքան ավելի շատ Ադրբեջանը կլկտիանա»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։  

  • Կիսվել: