հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռքբերվել․ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռքբերվել․ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք է բերվել նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն։ Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի առթիվ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։ Եվ մենք ուզում ենք փաստել, որ ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը։ Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ֆորմատով՝ խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ նախ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհետ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, հայկական մշակութային հուշարձանների մատչելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։ Ապա, հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։ Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան։ Մոտ օրերս մենք ավելի հստակ դիրքորոշում կունենանք այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

 
 
 

Ըստ Միրզոյանի՝ հանդիպումներ նախատեսվում են, առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք բերվել է։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն էլ հավելեց․ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, կարծում ենք՝ սա առաջ ընթանալու ամենակենսունակ եղանակն է»։

  • Կիսվել: