կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր

ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատանքների արդյունքները՝ մինչեւ աշուն ժամանակահատվածի վերաբերյալ. այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցու: Նա տեղեկացրել է, որ ներկայացվել են նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների դիտարկումների արդյունքները: Հայաստան ժամանած պատվիրակները շնորհակալություն են հայտնել մեր երկրին՝ հյուրընկալելու համար:

Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվել,օրվա երկրորդ կեսին մեկնարկելու են նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, եւ սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, նստաշրջանի ընթացքում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, քանի որ այդպես է սահմանված ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությամբ:

Թեեւ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, սակայն, ինչպես հայտնել է Սարգիս Խանդանյանը, պատվիրակություններից շատերն այստեղ են՝ աջակցելու Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵԱՀԿ ԽՎում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է: Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունն այս նստաշրջանին չի մասնակցելու:

Սարգիս Խանդանյանը, մասնավորապես, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Ռուսաստանի պատվիրակությունը որոշել չմասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին: «Պետք է նշել, որ ՀՀ ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել: Դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը. բոլոր 56 երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ն արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է ապահովելու պատգամավորների անվտանգությունը»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահը եւ գլխավոր քարտուղարը հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, ինչպես նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններ եւ ծանոթացել նրանց խնդիրներին:
  

  • Կիսվել: