ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, արձանագրել են, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա. ԱԳՆ հիշեցումը՝ Զելենսկիին
ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին թե ԱԳՆ-ն ինչպես է արձագանքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17–ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ հանձնառությունը վերահաստատվել է Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17–ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- ասել էր Ուկրաինայի նախագահը: