հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Եւ ՌԴ-ն, և՛ Թուրքիան ցանկանում են ուժեղացնել իրենց դերն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում. թուրքագետ

Եւ ՌԴ-ն, և՛ Թուրքիան ցանկանում են ուժեղացնել իրենց դերն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում. թուրքագետ

Իրավիճակը Իդլիբի նահանգում սրված է, կան միտումներ, որ էլ ավելի կսրվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում ծավալվող իրադարձություններին։

Նա հիշեցրեց, որ կորուստներ ունենալուց հետո Թուրքիան հայտարարել է՝ սկսում է ռազմական գործողություններ Սիրիայի Իդլիբի նահանգում, ինչից հետո թուրքական զորամիավորումները և Թուրքիայի հսկողության տակ գտնվող ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներն անցան հարձակման։

Ըստ թուրքագետի՝ վերջին երկու օրվա ընթացքում թուրքական հարձակումը, կարծես թե, հաջողություն է արձանագրել, հաղորդումներ կան, որ ոչնչացրել են մեծ թվով զենք-զինամթերք, սիրիական բանակի զինյալների, ինչպես նաև հետ են գրավել մոտ 20 բնակավայր։ Այսինքն, ըստ նրա, այն տարածքների մի մասը, որը սիրիական բանակը վերջին օրերին ազատագրել էր թուրքամետ ջհադիստական զինյալներից։

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց նաև՝ կան տվյալներ այն մասին, որ այլևս ռուսական օդուժը օժանդակություն ցույց չի տալիս սիրիական բանակին աջակցող ուժերին։  Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Թուրքիան, օգտագործելով հրետանին և իր դրոնները, կարողացել է հաջողությունների հասնել։

«Իրավիճակը քաոսային է, կարծում եմ, որ այդ իրավիճակը դեռ մեկ կամ երկու օր կշարունակվի մինչև վերջնական պարզ կլինի, թե ինչ նոր միտում ի հայտ կգա զարգացումներում։ Նոր միտում կարող է լինել այն, որ երեկ Ռուսաստանը հայտարարեց՝ այլևս չի ապահովելու թուրքական օդուժի անվտանգությունը Իդբլիբի երկնքում։ Տեսնենք, թե որքանով դա կհամապատասխանի իրականությանը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։  

Ըստ թուրքագետի, Ռուսաստանի և Թուրքիայի համար Սիրիան դարձել է մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար։ «Եւ ՌԴ-ն, և՛ Թուրքիան ցանկանում են ուժեղացնել իրենց դերն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում»,- ասաց նա։

  • Կիսվել: