ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ

Ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ

Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:

՛՛Անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դեմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ձևավորված դիմադրության շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը, իրավապահ համակարգը թիրախավորել է շարժման մեջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնյակ ձերբակալումներն ու կալանավորումները, բռնության կիրառման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարավոր ապօրինի բերման ենթարկելու դեպքերը փաստում են, որ մեկ անձի դիկտատուրական հակումների բավարարման համար իրավապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրավունքի և բարոյականության նվազագույն պահանջները: Վերջիններս առանձնակի ցինիկությամբ հարձակվել են դիմադրության շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա: Ապօրինի հարուցվող բազմաթիվ քրեական գործերը, կուսակցության գրասենյակների, անդամների և համակիրների բնակարաններում իրակացվող խուզարկությունները, տասնյակների հասնող հարցաքննությունները, ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս:

Բոլորի ուշադրությունը հրավիրելով Դաշնակցության նկատմամբ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին՝ զգուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանության և նրա կամակատար բոլոր անձանց. օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

  • Կիսվել: