Ձեր թեկնածուն մի տեսակ քաղաքական մահապարտ ահաբեկչի է հիշեցնում, որ իրեն ուղարկում եք ինչ-որ տեղ ու ինքը պատրաստ է գնալ ու պայթի. Հայկ Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցությունը ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին, մենք թեկնածության առաջադրման պահին առաջնորդվել ենք տիկին Մանասյանի մասնագիտական գիտելիքներով, անցած ճանապարհով, բարոյական հատկանիշներով և արժեքներով և այս ընթացքում թե՛ խմբակցության հետ տեղի ունեցած հանդիպման, թե՛ ԱԺ-ի Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի, թե՛ այսօր նիստի իր ելույթում և հարցուպատասխանի արդյունքում տիկին Մանասյանը ստիպեց մեզ վերահաստատել մեր դիրքորոշումը և համոզմունքը, որ մենք ճիշտ թեկնածու ենք առաջադրել այս կարևոր պաշտոնի համար: Բնականաբար ՔՊ-ն կողմ է քվեարկելու ՄԻՊ-ի պաշտոնում տիկին Մանասյանի թեկնածությանը: ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը տարօրինակ համարեց այն կարծիքները, որ ասում են Գլխավոր դատախազի տեղակալն է Անահիտ Մանասյանը և չի կարող զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ. «Տպավորություն է, որ Գլխավոր դատախազությունն իր կառուցակարգով և իր էությամբ մի կառույց է, որն ի բնե զբաղվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ և մարդկանց հալածելով: Տպավորություն է, որ իրավական պետության մեջ կա մի դեմոնիզացված կառույց, որը զբաղվում է մարդկանց հետապնդելով և կան ուրիշ մարդիկ, որոնք զբաղվում են այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ:
Կներեք, ժողովուրդ ջան՝ Դատախազությունն իրավական պետության կառուցակարգային տրամաբանությամբ ևս իր գործունեության ընթացքում առաջնորդվում է իրավունքների պաշտպանությամբ, գուցե դա շատ գրքային չէ, բայց, իր էության խորքի մեջ դա այդպես է և Գլխավոր դատախազը, տեղակալները ևս ինչ-որ իմաստով զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ: ԱԺ պատգամավորներն էլ են զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, երբ մենք ընդունում ենք օրենքներ, որոնք պետք է բարելավեն մարդկանց կյանքը, նրանց իրավունքների իրացումը, դա մարդու իրավունքների պաշտպանություն է, ինչու ենք մենք առաջնորդվում գրքային տառակերության քառակուսի մտածելակերպով և ասում օրինակ, որ տիկին Մանասյանը չի կարող զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, որովհետև աշխատել է Դատախազությունում»:
Կոնջորյանն անդրադարձավ նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի հայտնի նիստին. «Հարգելի գործընկերներ, հատկապես «Հայաստան» խմբակցություն, այո, ենթադրենք հանձնաժողովի ձեր երկու պատգամավոր գործընկերներից մեկը գործուղման էր, մյուսը վատառողջ էր, բայց ԱԺ կանոնակարգ օրենքը չի արգելում, որ խմբակցության մյուս պատգամավորները ևս մասնակցեին նիստին:
Ինչու չեն մասնակցել թույլ տվեք ենթադրել, լսելով ձեր թեկնածուի հանրային խոսքը, նրա հետագիծը քաղաքական՝ մահապարտ ահաբեկչի է հիշեցնում, որ իրեն ուղարկում եք ինչ-որ մի տեղ ու ինքը պատրաստ է գնալ ու պայթել: Հայտնի բան է, երբ որևէ մեկն ահաբեկչություն է կազմակերպում, մանավանդ մահապարտ ահաբեկչի միջոցով իրականացնելիս՝ ինքը չի հայտնվում ահաբեկչության վայրում, քանի որ դա կարող է պայթել և իրենց էլ բեկորները դիպչեն:
Թույլ տվեք ենթադրեմ, թե ինչու չէիք դուք այնտեղ ներկայացված, որովհետև, հասկանում էիք, որ այդ նիստն ամեն դեպքում այդքան էլ հաճելի չէր լինելու, որովհետև ի սկզբանե՝ խոսույթը, որը ձեր թեկնածուն այնտեղ գեներացնում էր, չափազանց վիրավորական էր, դեստրուկտիվ էր և խաթարում էր հանրային բարոյականության նորմերը: Նիստը կառավարողը պետք է կարողանար այդ նույն հանրային բարոյականության նորմերը խախտող թեկնածուին նույն կերպ սաստել և կարգի հրավիրել, ինչը որ տեղի չունեցավ:
Ես շատ կուզեի, որ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները ևս այնտեղ լինեին և կարողանային երկխոսության միջոցով համերաշխություն հաստատել և նիստի բնականոն ընթացքն ապահովել, բայց դա էլ տեղի չունեցավ»: