երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերն ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը. Փաշինյանը՝ Խամոյանին (տեսանյութ)

Ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերն ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը. Փաշինյանը՝ Խամոյանին (տեսանյութ)

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ինֆոքոմի» հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների թեմայով։

Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ տեսել է հրապարակումը, կուսակցության ներսում քննարկում են այն և մտադիր են «պարզաբանել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, կամ ինչն ինչի համար է տեղի ունեցել»։

Արձագանքելով պատասխանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել կուսակցության ֆինանսական թափանցիկությունը. «Հիմա Դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»։

Փաշինյանը պատասխանեց. «Բա որ թափանցիկություն չենք ապահովել, այդքան բան Դուք որտեղի՞ց գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում»։

Փաշինյանը նշեց, որ նույնիսկ առանց իրենց պատասխանի էլ «Ազդարար» կայքում այդ տեղեկությունները հրապարակվում են. «Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։ Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք այդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում է՝ թափանցիկությունը լիարժեք ապահովված է։ Ուրիշ բան՝ հիմա այդ թափանցիկությունն ուսումնասիրելիս ի՛նչ եզրակացությունների կհանգենք։ Ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերն ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»։

  • Կիսվել: