կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Դուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեծ ցավով. Աղազարյան

Դուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեծ ցավով. Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ միայն դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլև խմբակցությունից։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` նշելով, որ վայր է դնում նաև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամի իր լիազորությունները։
 
«Երեկ ես ՔՊ վարչության որոշմամբ հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալու հիմնավորումներին, սակայն հիմա ուզում եմ ներողություն խնդրել կուսակցական իմ ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով ու քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը»,- հայտարարեց նա։
 
Աղազարյանը նշեց, որ չի ցանկանում իր արդեն նախկին կուսակից ընկերներին ևս մեկ անգամ անհարմար վիճակի մեջ դնել ու այս անգամ քննարկել խմբակցությունից իրեն հեռացնելու հարցը, այդ իսկ պատճառով հայտարարում է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով։
 
«Տարաբնույթ, տարբեր մակարդակներով իմ անձին վերաբերվելիք հայտարարություններն ու արձանագրումները բոլորը չէ, որ կստանան պատասխան, սակայն այն դեպքերում, երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային»,- հայտարարեց նա։
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրեց Աղազարյանին իրենց խմբակցության շարքերից տեղափոխել մեկ այլ տեղ, աթոռ տրամադրել այլ հատվածում։
 
«Ես ձեզ շատ․․․Լավ, չմեկնաբանեմ»,- քմծիծաղով ավելացրեց Սիմոնյանը։

  • Կիսվել: