Դուք վերցնում եք ընկերությունը սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, բայց պետությունը ստանում է 0% շահաբաժին. Նարեկ Կարապետյանը՝ Կոնջորյանին
Պետական կառավարում ստանձնելուց հետո «Հայփոստը», Հայաստանի Հանրապետությանը վճարել է զրո դրամ դիվիդենտ։ Այս մասին ԱԺ-ում Հայկ Կոնջորյանի ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրման շուրջ քննարկման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ընկերությունը ավելացրել է բազմաթիվ կետերով սակագները, վճարել է զրո դրամ, այն բանից հետո, երբ կառավարումը վերցվել է Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից։ Հիմա գլխավոր հարցը, որը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից և սեփականատերերից, կառավարում եք, բարձրացնում եք սակագները, բայց պետությունը ստանում է 0% շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է, վերջում՝ ձեր ուժը այդ ընկերությունում ստանում է ընդամենը մի բան՝ մեկ հաստիք այդ ընկերությունում»։
Կոնջորյանը այս հարցին ևս չպատասխանեց, փոխարենը սկսեց խոսել ՀԷՑ-ի ենթադրյալ հավելագրումների, խախտումների մասին։



