Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված. Փաշինյանը բեռնափոխադրողների մասին հարցին չպատասխանեց
Վերջերս ես ԱԺ–ում բարձրաձայնեցի բեռնափոխադրողների և մեր տնտեսվարողների խնդիրների մասին, որոնք պարբերաբար առաջանում են Վրաստանում. Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոնյակագործներին, գյուղատնտեսությամբ զբաղվող այլ տնտեսվարողներին։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինձ բազմաթիվ նյութեր են ուղարկում, որ մեր հայրենակիցները կեղեքվում են այդ ճանապարհին և ստիպված են լինում շաբաթներով, ամիսներով հերթի կանգնել և մինչև նյութական շահագրգռությամբ հարցերը չեն լուծում, բեռները տեղ չեն հասնում։ Կառավարությունը անտերության է մատնել մեր քաղաքացիներին։ Դուք այս հարցը քննարկե՞լ եք Վրաստանի ձեր գործընկերոջ հետ, դուք էս հարցը տվե՞լ եք Վրաստանի վարչապետին, թե ինչն է պատճառը, որ մեր տնտեսվարողները խոչընդոտների են հանդիպում»,–ասաց նա՝ հարցն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վերջինս ի պատասխան ասաց. «Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային։ Եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների աշխատանքի հետագա կազմակերպման համար»։
Գառնիկ Դանիելյանը կրկնեց իր հարցը. «Դուք այդ հարցը բարձրացրե՞լ եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ շարունակ կանգնում են այնտեղ ձնի, բքի տակ։ Եվ նյութական շահագրգռության դիմաց է իրենց հարցը լուծվում։ Ասե՞լ եք, որ ՀՀ իշխանությունները այս խնդիրը տեսնում, են, ի վերջո, երբ է այս հարցին լուծում տրվելու»։
Փաշինյանն արձագանքեց. «Ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե երբ և որ իրավապահ մարմին եք դիմել։ Այսինքն ձեր սադրանքներով դուք ուզում եք պրոբլեմներ ստեղծեք, որ հետո գաք այդ պրոբլեմի մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին։ Դուք ասացիք՝ ի՞նչ կարող ենք փոխանցել տնտեսվարողներին, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետեւ դուք փոխանցելու ոչ մի բան չունեք։ Կառավարությունն ապահովում է Հայաստանի տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրները։ Իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք է դիմեք։ Եթե մինչև հիմա չեք դիմել, ուրեմն դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված։ Բոլոր հարցերը, որ կան Հայաստանի ու Վրասդտանի օրակարգում, բոլորը քննարկվել են»։


