երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դուք լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում Հայաստանում եք ապրել, չգիտե՞ք, որ Հայաստանում լիքը մարդիկ չեն ծառայել, այդ թվում՝ գումար տալով․ Պապոյանը՝ Մանուկյանին

Դուք լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում Հայաստանում եք ապրել, չգիտե՞ք, որ Հայաստանում լիքը մարդիկ չեն ծառայել, այդ թվում՝ գումար տալով․ Պապոյանը՝ Մանուկյանին

«Պարոն Մանուկյան, ասում եք՝ Հայաստանում երկու կատեգորիայի մարդ է լինելու, մարդիկ, որոնք կարող են տալ 2,5 մլն դրամ եւ ազատվել բանակից, եւ մարդիկ, որոնք պետք է գնան ծառայության։ Ես որքան գիտեմ՝ դուք լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում Հայաստանում եք ապրել։ Դուք չգիտե՞ք, որ Հայաստանում շատ արատավոր երեւույթներ են եղել եւ այդ երեւույթների արդյունքում լիքը մարդիկ չեն ծառայել տարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեր ասած գումարը տալով։ Ես խնդրում եմ, գոնե դուք, գոնե այս հատվածում նստած մարդիկ դրա մասին չխոսեն»,- Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Պապոյանը նշեց, որ լավ օրից չէ, որ այսպիսի նախագիծ է մշակվել։ «Կա իրավիճակ, որ այս մարդիկ կամ չեն գալու Հայաստան այլեւս, կամ պիտի տասնյակ տարիներ սպասեն, կամ հնարավորություն են ունենալու վճարել գումար, այդ գումարով մենք կարող ենք, օրինակ, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել կամ պայմանագրային զինծառայողներ ընդգրկել ծառայության մեջ եւ մեր սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել։ Ինձ հետաքրքիր է մեր գործընկերների տեսակետը, կարծես վերջին մի քանի տարին, որ եկել են Ազգային ժողով, մոռացել են՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ այդպիսի դասակարգում են անում։ Ցավոք սրտի, այդպիսի դասակարգում եղել է, եւ այդ դասակարգումը եղել է այն ժամանակ, երբ դուք եղել եք իշխանության, հարգելի գործընկերներ»,- ասաց Պապոյանը։


  • Կիսվել: