կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար. Ալեն Սիմոնյանը՝ Արման Աբովյանին

Դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար. Ալեն Սիմոնյանը՝ Արման Աբովյանին

Այսօր Ազգային ողովում ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթով արձագանքեց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունից Ալեն Սիմոնյանի՝ ավելի վաղ ԱԺ ամբիոնից արած արտահայտությանը, թե ամեն ինչ վերջացել է:

Աբովյանը նշեց, որ իշխանության համար վատ լուր ունի, քանի որ ոչինչ չի վերջացել և չի վերջանալու, մինչև ժողովուրդը չուղղի իր մեջքը: ՛՛Ես չեմ հասկանում, թե ինչից է այդ եզրակացությունը, որ վերջացավ: Ի՞նչն է ձեզ թույլ տալիս՝ փայփայելու այդ հույսը, թե վերջացավ՛՛,-ասաց Աբովյանը՝ հավելելով. ՛՛Արցախի 75 տոկո՞սն է վերադարձվել՛՛:

Նրան իր ելույթով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը, մասնավորապես, ասաց.՛՛Վերջացել է այն, որ դուք չկարողացաք ձևավորել առաջարկ՝ ՀՀ քաղաքացու համար, որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ, մարդիկ կարծում են, որ այն ուժերը, որոնք այսօր առաջարկ են ներկայացնում հրապարակում, մեզնից վատն են: Այնպես որ, երբ որ մեր մասին վատ բաներ եք ասում, մտածեք, պատկերացրեք՝ ձեր առաջարկն ինչքան վատն է, որ այդքան ասելուց հետո, այնուամենայնիվ, չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել՛՛:

Հիշեցնենք, որ Սիմոնյանն ավելի վաղ, դիմելով ընդդիմադիրներին, մասնավորապես ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին ու Արման Աբովյանին, հորդորել էր ավելի զուսպ լինել իրենց ելույթներում: Նա նշել էր. ՛՛Այն 2-3 ամիսը, որում դուք այստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք, որ վերջացավ՛՛:

  • Կիսվել: