ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես. Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ եղավ

Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես. Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ եղավ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ժամանակ Ծառուկյանի ու դատախազ Դավիթ Աղաջանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։
Նիստն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ։

Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող լսումների վերաբերյալ։

«Դատախազի խոսքը լսելիս ես ուղղակի ամաչում եմ, որ 100-ից ավելի քննիչ մի 1000-2000 հոգու են քննել տանել–փակելով, որին` երկու ամիս, որին` մեկ ամիս... Թող հարգելի դատախազը թեկուզ մեկ օրինակ բերի, որ էդքանից մեկն ասած լինի` Ծառուկյանը գումար է տվել, որ տանեմ կաշառք տամ։ Ծառուկյանն ո՞ւմ է փող տվել»,– դիմելով դատախազին` հարցրեց Ծառուկյանը։

Աղաջանյանն իր հերթին դիմեց դատավորին, որ դատարանը մեղադրյալին զսպվածության, համապատասխան վարքագծի կոչ անի մեղադրյալին։ Ծառուկյանը բարկացավ. «Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես»,– ասաց նա դատախազին։

Դատախազի և Ծառուկյանի միջև կարճ լեզվակռիվ սկսվեց։ Դրանից հետո դատավորը կողմերին կոչ արեց զուսպ արտահայտվել, անձնական դաշտ չմտնել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։

2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

  • Կիսվել: