Դրանից հետո այս գռոտեսկին պիտի մասնակցե՞նք. իհարկե, ո՛չ. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ականներին
Ազգային ժողովի նախագահը ասում է գնացեք ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է, ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, ԱԺ առաջին բաժնի պետ Աշոտին տա՞մ էդ հարցերը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով անդրադառնալով 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկուցը ԱԺ–ում ներկայացնելու հարցին, ընդդիմադիրներին խորհուրդ էր տալիս գնալ ու առաջին բաժնում ծանոթանալ այդ զեկույցին։
«Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդիմությունը ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ու՞մ եք մրոտելու, ու՞մ եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7–ին։ Դա է իրականությունը։ Ի դեպ, Աշոտը բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պարկեշտ, շատ ճիշտ և սպառիչ պատասխաններ է ներկայացնում, ի տարբերություն շատերի, ովքեր այստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ»,–ասաց նա։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Դոնթի բանաձեւով ԱԺ ընդդիմությանը վերապահված հանձնաժողովներից մեկի փոխնախագահի ընտրության քվեարկությունները ՔՊ–ականները սաբոտաժի ենթարկեցին. «Անվտանգության հարցերի հանձնաժողովում, այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի պաշտոնը։ Քանի՞ անգամ դեմ քվեարկեցիք։ 14 անգամ։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում, օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք՝ օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաճո մարդու պետք է նշանակեք։ Դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Բարև ձեզ։
Դրանից հետո ԱԺ փոխնախագահին քվեարկեցիք, հեռացրեցիք պաշտոնից (նկատի ունի Իշխան Սաղաթելյանին–խմբ), հանձնաժողովի նախագահներից մեկին հեռացրեցիք։ Բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցե՞նք։ Իհարկե ոչ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։


