ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դպրոցական պայուսակներն ու զինվորների բացիկները հասնում են արցախցի երեխաներին

Դպրոցական պայուսակներն ու զինվորների բացիկները հասնում են արցախցի երեխաներին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում և կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխաների բաշխում է դպրոցական պայուսակներ բոլոր անհրաժեշտ պարագաներով:
 
Դպրոցական պայուսակների հետ երեխաները ստանում են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաների գրած ամանորյա բացիկ-նամակները:
 
Երեխաները շտապում են կարդալ նամակները: «Բարի արարքները ծնում են բարություն: Իմ փոքրիկ բարեկամ, ես Արթուրն եմ: Ուզում եմ, որ դու առաջնորդվես բարությամբ և սփռես միայն բարին…, թողնում եմ իմ համարը…, կարող ես զանգահարել, և ես կհյուրընկալեմ քեզ մեր տանը: Քո անվախ եղբայր Արթուր»,- գրում է տղաներից մեկը:
 
1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:
 
Դպրոցականների քանակը և կարիքը հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

  • Կիսվել: