հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից. Նախարար

Դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից. Նախարար

Կառավարության կողմից իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակում դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ խորհրդարանում անցկացվում են «Բարձրագույն կրթության գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ժամանակ ոլորտի ներկայացուցիչներին է ներկայացվում օրենսդրական նոր փոփոխությունները:

Նախարարը նշեց, որ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է: Պաշտոնյայի կարծիքով, օրենսդրական նախաձեռնությունը հեղափոխական է:

«Նախագծով պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,-նշեց Հարությունյանը:

Նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցի 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեկը ուսանող, իսկ 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է: Սահմանվում են բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության և հասարակության առաջ:

Անդրադառնալով նախագծի շուրջ տարբեր քննարկումներին ու ընդդիմախոսների մտահոգություններին, նախարարն ասաց, որ դրանք երբեմն անթույլատրելի մակարդակի են հասնում ու հավելեց.

«Եվ դա այն պատճառով է, որ մենք տասնամյակներով ունեցել ենք կարծրացած և կարծրացող համակարգ: Եվ այս օրենքը, ըստ էության, դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերի»: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծեց, որ հատկապես բուհական և գիտության ոլորտում հրաժարվում են կոսմետիկ փոփոխություններից, և շրջադարձային փոփոխություններ են սպասվում:

  • Կիսվել: