ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դետեկտիվ ժանրի դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ, պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում մի քանի միլիոնի գողոնով բարձված Ford-ը կողաշրջվել է

Դետեկտիվ ժանրի դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ, պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում մի քանի միլիոնի գողոնով բարձված Ford-ը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ 

Սկսվում է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ոստիկանության պարեկաիյն ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։  Հետապնդումը շարունակվում է մինչև Դավիթ Բեկի փողոցը, և մեկ այլ տեղից էլ փախուստի դիմածներին հետապնդում են նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանը։ 

Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ 

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Գևորգյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը, մինչև որ օպերատիվորեն ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի, բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն. Պովլովի գլխավորությամբ։ 

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվում է խոշոր չափի պղնձե մալուխներ, և այդ վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Պովլովի հանձնարարականով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Էդգար Հայրապետյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։  Ավտոմեքենայում հայտնաբերվում է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։

Իսկ քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի գլխավորությամբ քննիչների մի խումբ էլ դեպքի վայրի զննություն էին կատարում գողության վայրում։  Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկված և որոնվող անձանց ինքնությունը չենք հրապարակում, սակայն գողոնը կազմում է մոտ 4 մլն դրամ։  

  • Կիսվել: