երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալին

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալին

Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին:

Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարի մաղթանքների համար եւ շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ բնագավառներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին։

  • Կիսվել: