շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը կրոնական առաջնորդների հետ

Դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը կրոնական առաջնորդների հետ

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը մի շարք կրոնական առաջնորդների հետ, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպմանը ներկա էին Անգլիկան, Ղպտի ուղղափառ, Արեւելքի, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է տարածաշրջանում Արցախի դեմ անցած տարվա ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Դեսպանը մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ մինչ այժմ՝ պատերազմից մեկ տարի անց, Բաքվի բանտերում են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, ում ադրբեջանական կողմը հրաժարվում է հետ վերադարձնել՝ չնայած եռակողմ հայտարարությամբ կողմերը ստանձնել էին նման պարտականություն եւ հայկական կողմը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին։ Վարուժան Ներսեսյանը կարեւորել է կրոնական առաջնորդների կողմից նշված՝ բացառապես հումանիտար բնույթ կրող հարցի, լուծման աջակցությունը։
 
Դեսպանը նաեւ խոսել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին։ Վարուժան Ներսեսյանն ընդգծել է, որ արդեն իսկ կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ադրբեջանական կողմը ոչնչացնում կամ ձեւափոխում է մեր եկեղեցիները, խաչքարները, գերեզմանները եւ այլ հուշարձանները, եւ այդ փաստին անդրադարձել են մի շարք միջազգային, այդ թվում նաեւ բրիտանական լրատվամիջոցներ։ Այս համատեքստում Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է
 
Նախիջեւանի օրինակը, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվել է հայաթափման քաղաքականություն եւ մի քանի հազար միջնադարյան խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանաքարեր ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել մի շարք ուղղություններով հնարավոր փոխգործակցությանը։

  • Կիսվել: