կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, որին ներկա էին քանդակագործի այրին, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժուասենին հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության ու հայ ժողովրդի համար կենսական հարցերի նկատմամբ շարունակական մեծ ուշադրության` ի համերաշխություն հայ ժողովրդի՝ քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև ֆրանսահայ քանդակագործի աշխատանքների ցուցադրումը կազմակերպելու համար։ Անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը, դրա արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին։

Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել 2021թ․-ից ի վեր Հայաստանի Հանրապետության դրոշը՝ Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Էքս-ան-Պրովանս քաղաքի դրոշների կողքին, քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածում ծածանելու հանգամանքը։

Սոֆի Ժուասենը արժևորել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ու վերապրածների ժառանգների մեծ ավանդն Էքս-ան-Պրովանս քաղաքի զարգացման գործում, դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները, տասնամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքների՝ Արցախի Հանրապետության կազմալուծմանն ու ողջ հայ բնակչության բռնի տեղահանությանը:

  • Կիսվել: