երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատարին ներկայացրել է արցախյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները

Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատարին ներկայացրել է արցախյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է անհետ կորած անձանց հարցերով Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատար Աննա Արիստոտելուսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները, ընդգծել, որ չնայած արհեստական խոչընդոտներին, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը և հաշվի առնելով Կիպրոսում տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարված աշխատանքները, անհրաժեշտ է փորձի փոխանակման կազմակերպում, շփումների ակտիվացում հայաստանյան գործընկերների հետ։

Հատուկ հանձնակատարը նշեց, որ առկա են բազմաթիվ ընդհանրություններ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հայկական և կիպրական համապատասխան գերատեսչություններում և առաջարկեց դիտարկել առաջիկայում համատեղ միջոցառմամբ հանդես գալու նախաձեռնություն, որն այդ ուղղությամբ միջազգային տեղեկացվածության բարձրացման նպատակ կհետապնդի»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: