հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դեսպան Կաժոյանն ու Վիետնամի ԱԺ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Դեսպան Կաժոյանն ու Վիետնամի ԱԺ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ս.թ. օգոստոսի 2-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՎՍՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Վու Հայ Հայի հետ: Այս մասին հայտնում են ՎՍՀ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, օրենսդիր մարմինների միջև միջազգային հարթակներում համագործակցության զարգացումը և խորացումը, Վիետնամի ԱԺ-ում բարեկամության խմբի ստեղծումը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը և այլ հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ներկայումս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակն, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց առևանգումների հարցերը՝ կոչ անելով ՎՍՀ ԱԺ-ին անդրադառնալ ու խստորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու նմանօրինակ հակաիրավական պահվածքը:

Դեսպան Կաժոյանը կարևորեց Վիետնամի ԱԺ-ում բարեկամության խմբի վերաստեղծումը՝ հավելելով, որ դա կնպաստի ոչ միայն երկու երկրների պատգամավորների փոխադարձ այցերի կազմակերպմանն, այլև միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը և խորացմանը:

ՎՍՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ պարոն Վու Հայ Հայն իր հերթին հաստատեց, որ Վիետնամը կաջակցի Հայաստանի թեկնածությանը՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալուն:

Պարոն Վուն տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի համատեքստում հույս հայտնեց, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Տան Տամը, իսկ վիետնական կողմից ՎՍՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Ֆամ Ֆու Բինը և փորձագետ պարոն Նգույեն Մին Քուանգը:

  • Կիսվել: