ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահին

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահին

Դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը ք․ Օտտավա) իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը: 

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվեց համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։

  • Կիսվել: