ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլվիռա Ազիմովայի հետ: Այս մասին հայտնեցին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակման շրջանակներում Էլվիռա Ազիմովան ներկայացրել է Ղազախստանում վերջին ժամանակահատվածում ընդունված իրավական փոփոխությունները՝ միտված Մարդու իրավունքների հանձնակատարի իրավապաշտպան գործառույթների ամրապնդմանը:

Իր հերթին, ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ներկայիս իրավիճակն ու առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում ներկայացվել են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումները, որոնք ամփոփված են նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցում:

Արմեն Ղևոնդյանը և Էլվիռա Ազիմովան անդրադարձել են նաև Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հստակ հարցերի:

  • Կիսվել: